Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հռչակագրերի ու իրականության արանքում

Հռչակագրերի ու իրականության արանքում
17.05.2016 | 21:03

Գուցե մարդու էությունն է այդպիսին, որ արագ ընտելանում է իրավիճակին ու կայունություն է որոնում, թեկուզ խաբուսիկ, բայց հաստատուն կեցություն, որից կառչում է, որ իրեն համոզի՝ ամեն ինչ լավ է լինելու: Իհարկե, ամեն ինչ լավ է լինելու: Երբևէ: Իսկ մենք կլինե՞նք այդ ամեն ինչի լավի մեջ:
Ի՞նչ չարվեց այս ընթացքում, որ կարող էր իրավիճակ փոխել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հարցում, որ դարձել է կենտրոնականը, այլև Հայաստանի Հանրապետության ներկա-ապագայում:


1. Քառօրյա պատերազմի երկրորդ-երրորդ օրը կարող էր հրավիրվել ԱԺ արտահերթ նիստ, և Հայաստանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հետագայում երկու պետությունների միացման հեռանկարով: ԼՂՀ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքի համաձայնագիրը վաղուց պիտի ստորագրված և ուժի մեջ մտած լիներ. դա բանակցություններում իրավիճակ փոխող փաստ կդառնար: Ի վերջո, միշտ պատճառաբանվում էր պատերազմը, բանակցությունների դադարեցումը: 88-ին Ղարաբաղյան շարժման կարգախոսը «Միացումն» էր, ոչ թե ճանաչումը: Միացումով միանգամից լուծվում է միջազգային ասպարեզում տևական ու բարդ գործընթացների մեջ չմտնելու հարցը՝ ինչո՞ւ սպասել՝ ո՞ր երկիրը կճանաչի, ՄԱԿ-ը ի՞նչ կանի, երբ կա պարզ լուծում՝ միացում, որը ևս ունի իրավական հիմք՝ 1989-ի ԼՂ ԳԽ որոշումը: Իսկ բանակցությունները կշարունակվեն արդեն փաստից բխող խնդիրների վերաբերյալ: Չճանաչումը պատերազմը չկանխեց: Չի կանխի նաև չմիացումը: Գուցե հենց ա՞յդ նկատառումով ԱԺ քառօրյայի օրակարգում չընդգրկվեց Արցախի Հանրապետության ճանաչման՝ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի օրինագիծը:
2. ՀՀ նախագահը բանակցությունների վերսկսման երեք պայմաններ բարձրաձայնեց, որ բխում էին իրավիճակից: Թվում էր՝ դեռ երկար այս անորոշ վիճակը կմնա, բայց անակնկալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջարկեցին հանդիպում՝ առավելագույնս ներկայացուցչական: Թեթևակի հապաղումից հետո Երևանը համաձայնեց: Առանց Ստեփանակերտի մասնակցության խնդիր դնելու:
3. Լեռնային Ղարաբաղի բանակցային սեղան վերադառնալու անհրաժեշտության մասին Արցախում խոսում են բոլորը, իսկ ի՞նչ են անում: Եթե Ստեփանակերտն իրեն համարում է անկախ պետություն, ինչո՞ւ չի ձեռնարկում անկախ պետությանը բնորոշ քայլեր: Երբ Երևանը հայտարարեց, որ կճանաչի Ղարաբաղը, Ստեփանակերտը պիտի հայտարարեր, որ ճանաչման հաջորդ քայլը լինելու է միացումը, որ նախապատրաստվում են ոչ թե Սահմանադրություն փոխելու ու խորհրդարանական կառավարման անցնելու, այլ Հայաստանի մարզ դառնալու:
4. Պատերազմից մեկ ամիս անց ի՞նչ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ինչ չի՞ արել պաշտոնավարման երկու տարում, թե՞ ինչ է ուզում անել մինչև 2017-ի ընտրություններ: Նրա հայտարարության ամենադրականն էր, որ հարթ կարդա՞ց երկարաշունչ տեքստը, թե՞ փոփոխություններ անելու մտադրությունը: Միջազգային կառույցների՞ն էր ուղղված, ներքին սպառմա՞ն համար էր, թե՞ ներկուսակցական հարցեր էր լուծում: Ո՞րերորդ հայտարարությունն էր, որ որևէ արտահայտություն չի գտնում պետական կառավարման համակարգում: Ո՞Ւմ համար է գաղտնիք, որ պետական կառավարման համակարգը լուծում է քաղաքական իշխանության խնդիրներ՝ նախարարություններ են բացվում-փակվում, նախարարներ են գալիս-գնում՝ կառավարման որակի ու արդյունավետության հետ կապ չունենալով: Մենաշնորհների դեմ նրա պայքարը ինքնակենսագրակա՞ն, թե՞ հակակառավարական կոչ էր: Հակակոռուպցիոն պայքարի փա՞ստ էր Միկա Բաղդասարովի պարտքերը հարկատուներին «նվիրելը» ԱԺ-ի մակարդակով՝ որքան էլ հարցը այլ փաթեթավորումով ներկայացվի: Ընդ որում՝ կոռուպցիայի դեմ պայքարող ՀՅԴ-ի նախարարի կատարմամբ:

5. Իրադարձություններին համարժեք գնահատական տվեցի՞ն քաղաքական ուժերը, թե՞ շարունակեցին ապավինել դիվանագիտության՝ իբրև սառցալեռան տեսությանը, որտեղ կարևորը չպիտի ասվի, որ հակառակորդի թիրախ չդառնա: Քանի՞ կուսակցություն հրապարակեց կատարվածի գնահատականը, վիճակից դուրս գալու ելքերը: Իշխանությանը քննադատելը կամ փառաբանելը տեսակետ չէ, իշխանությանը մենակ թողնել է, երբ ինչ ուզի՝ կանի:
6. Ապրիլյան օրերի հզոր էներգետիկան պահպանել էր պետք, մարտադաշտում զինվորների ու սպաների սխրանքները ներկայացնելուց բացի՝ ի՞նչ արվեց: Թե՞ ներքին տագնապ կա, որ այդ էներգետիկան անվտանգ չէ իշխանության համար, և հայտնի չէ՝ ուր կուղղվի, եթե բարեհաջող չմարի:
7. Արտաքին քաղաքական որևէ դիրքորոշում այդպես էլ չամրագրվեց, օդում կախված մնաց զենքի ստացման հարցը: Չբարձրացվեց ռազմաքաղաքական դաշինքներին, տնտեսական միություններին Հայաստանի մասնակցության, երկկողմ ու բազմակողմ պայմանագրերի վերանայման հարցը, որոնք համարժեք չեն իրականությանը և չեն բխում Հայաստանի ազգային անվտանգության շահերից:


Ի՞նչ արեց ու չարեց Ադրբեջանը, որ գործում էր ագրեսիվ ու ակտիվ:
1. Ադրբեջանը շարունակեց խախտել հրադադարը և գնդակոծել ոչ միայն շփման գիծը, այլև Հայաստանի սահմանամերձ շրջաններն ու հրադադարի խախտման մեջ մեղադրել հայկական կողմին:
2. Ալիևի վարկանիշը սեփական երկրում բարձրացավ՝ իբրև հաղթողի, ինչ չէր արել անգամ ազգի հայրը՝ Հեյդար Ալիևը. Իլհամը հող էր «ազատագրել»: Գինը անտեսվեց, շահիդների ծառուղին երկարեց, բայց նրանք շահիդներ են, ուրեմն՝ ինչո՞ւ հարցը չի տրվում:
3. Ադրբեջանական դիվանագիտությունը ակտիվ գործում էր միջազգային ասպարեզում ու համանախագահների երեք ուղղություններով, հատկապես ՌԴ-ի: Նրանք ՄԱԿ-ին նամակ ուղարկեցին, որ միակողմանի կասեցնում են 1994-1995 թթ. հրադադարի պայմանագիրը, բարձրամակարդակ հանդիպումներում շեշտը դնում են ՄԱԿ-ի ԱԽ հայտնի բանաձևերի կիրարկման վրա:
4. Բաքուն շեշտակի շրջադարձ արեց և սկսեց կարևորել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Հայաստանին մեղադրելով, որ բանակցությունները վերսկսելու նախապայմաններ առաջադրելով՝ ձախողում է բանակցություններն ու ավելորդ դարձնում Մինսկի խմբի ձևաչափը, թեպետ նախապայման հենց իրենք են դնում ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի տեսքով:
5. Տեղեկատվական «արտահոսքերով» ու հնարքներով փորձեցին ստեղծել տպավորություն, որ սեպարատ բանակցությունների մեջ են Մոսկվայի հետ, Պուտինի այց չստացան, բայց Ռոգոզինին, թերևս, ստանան: Մամեդյարովը թռավ Բեռլին, թեև, դատելով Շտայնմայերի հայտարարության և Բաքվի պաշտոնական տեղեկատվության տարբերությունից, Բեռլինից, իբրև ԵԱՀԿ նախագահող երկիր, ցանկացածը չստացան: Ակտիվության փորձեր արեցին և ֆրանսիական ուղղությամբ՝ ադրբեջանամետ հրապարակումներ եղան մամուլում:
6. Բաքուն փորձելու է Վիեննայում հաղթողի կեցվածքով ներկայանալ, հիմք ընդունելով հայկական որոշ կորցրած դիրքերը և պայմաններ թելադրել՝ ի սկզբանե բացառելով Ստեփանակերտի վերադարձը բանակցությունների սեղան: Ստատուս քվոյի պահպանությունը Բաքվին ձեռնտու չէ քաղաքական նկատառումներով, բայց Բաքուն ունի տնտեսական խնդիրներ՝ տարածաշրջանի անկայունությունը վտանգի տակ է դնում նավթի ու գազի վաճառքը, իսկ դա կենսական հարց է:
7. Բաքուն որոշակի վերաբերմունք չարտահայտեց շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղակայմանը, որ ոչ միայն ՀՀ նախագահի, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ էր արձանագրվում:


Ի՞նչ արեցին համանախագահները:
1. Քառօրյա պատերազմից մեկ ամիս անց նրանք որոշեցին իրենց ձեռքը վերցնել նախաձեռնությունը՝ համարելով, որ եկել է նախագահների հանդիպման պահը: Հանդիպման հավանականությունն ամրագրելու համար հայտարարվեց, որ ներկա կլինեն արտգործնախարարները՝ Լավրովը, Քերին, Էյրոն:
2. Հասցեական հայտարարություններ չհնչեցին ո՛չ համանախագահ երկրներից, ո՛չ միջազգային կառույցներից:
3. Եթե սկզբում ակնհայտ էր, որ համանախագահները խաղը թողել են ՌԴ-ին, կեսից խաղի մեջ մտավ Ջոն Քերին, Ֆրանսիան պատրաստակամություն հայտնեց ապահովել շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղակայման տեխնիկական կողմը:
4. Մոսկվան զգաց, որ հակառակ հնազանդության ակնկալիքների, Հայաստանում սրվում են հակառուսական տրամադրությունները, որոնք անկառավարելի են՝ ո՛չ իշխանությունը, ոչ ընդդիմությունը, ժողովուրդն է գլուխ բարձրացնում՝ պահանջելով կատարել դաշնակցային պարտավորություններն ու դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը: Խաբկանք էր, թե իբր Ադրբեջանը խախտել է ՌԴ-ից գնած զենքը կոնֆլիկտի գոտում չկիրառելու խոստումը: Մոսկվան լավ գիտեր՝ Բաքվի ինչին է պետք զենքը, հազիվ թե Անկարայի, Թբիլիսիի, Թեհրանի ու իր ուղղությամբ կրակելու համար: Դա չի խանգարում, որ Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունների կատարումը մնա թղթի վրա կամ մտնի օնլայն տարածք՝ բազում հարցազրույցների տեսքով:
5. Հազիվ թե Մոսկվան հրաժարվել է շփման գծում ռուս խաղաղապահների գաղափարից՝ հարցն այս կամ այն կերպ նորից ծագելու է: Բաքվին գործողությունների ազատություն տալով՝ Կրեմլը ևս չստացավ իր ակնկալիքը՝ Ադրբեջանը չգրավեց այնքան տարածքներ, որ բանակցություններում պարտադրեր իր կամքը և Ղարաբաղի հարցը լուծվեր Բաքվի սցենարով: Մոսկվան ոչ միայն հարկադրված էր բանավոր հրադադար հաստատել, այլև Լավրովն էր ստիպված հայտարարել, որ 1994-1995-ի հրադադարի պայմանագիրն անժամկետ է: Ավելին՝ եղան հրապարակումներ, որ Հայաստանը կորցրեց ԼՂՀ-ն ճանաչելու պահը, որ դա ոչ միայն չէր խանգարի բանակցություններին, այլև նոր հիմք կդառնար:
6. Եթե համարենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը արտահայտում է ԱՄՆ-ի տեսակետը, և պետքարտուղար Ջոն Քերին ու նա նույն դիրքորոշումն ունեն, ԱՄՆ-ը այս պահին մինիմում խնդիր է դնում՝ կրակի դադարեցում և հրադադարի ռեժիմի կայուն պահպանություն, մաքսիմում խնդիրը տարածաշրջանում հաղորդակցուղիների բացումն է, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը: ԼՂՀ ճանաչումը Վաշինգտոնի ծրագրում չկա, բայց Սպիտակ տունը չի առարկի, եթե Հայաստանը ճանաչի, ուղղակի հանդես կգա ևս մեկ հայտարարությամբ, որ այդ հարցը պետք է համապարփակ լուծում ստանա: Վաշինգտոնի համար չկա առանձին Լեռնային Ղարաբաղի հարց, կան տարածաշրջանային խնդիրներ:
7. ԵՄ ուղերձը հստակ է՝ զինադադարը պետք է ամրապնդվի, վստահության ամրապնդման միջոցառումներ պետք է նախաձեռնվեն, և խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններ ընթանան՝ Երևանում ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Թարգմանաբար՝ բանակցային սեղանին մնալու են Մադրիդյան սկզբունքները՝ իրենց նորացված կամ մասնակի փոփոխված տարբերակներով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ի՞նչ եղավ երեկ Վիեննայում: Ինչպես Ցյուրիխում՝ Վիեննայում էին աշխարհի քաղաքականությունը կառավարող մարդիկ՝ Մոգերինին, Լավրովը, Քերին, Էյրոն, երեք համանախագահները, երկու արտգործնախարարները, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: ՈՒ ի՞նչ: Երևանի ժամանակով 22-ին հայտնի էր, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին են հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ, իսկ հետո ՀՀ նախագահը հանդիպելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ասել է. «Շփման գծում պետք է հաստատվի ու ամրապնդվի հրադադարը, համաձայնեցվեն վստահության մեխանիզմները, և սկսվի բանակցային գործընթաց: Դա ժամանակ կպահանջի»: Բոլոր դեպքերում, Վիեննան բանակցությունների մասին բանակցությունների հանդիպում է՝ հռչակագրերի ու իրականության արանքում:

Դիտվել է՝ 2363

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ